Ահա, թե ինչ է ստացվում, երբ որոշում ենք ինչ-որ բան պատրաստել սիրեցյալիս՝ խելառ ամուսնուս, հետ :)) Այս տորթը թխեցինք` խառնելով այն ամենը, ինչ ընկավ ձեռքներիս տակ, և ստացվեց մի անզուգական բան, նմանը չունեցող մի անուշահամ տորթ!!!
   Ու հիմա էլ՝ գրառում անելիս, ուշքս միտքս էս թխվածքն է, թե երբ եմ վերջացնելու, որ գնամ, մի կտոր էլ վայելեմ՝ դառը սուրճով:
 Գազարի ու դարչինի համադրույթը աննկարագրելի համով է ստացվել, իսկ ուտելիս, խիստ պատահական, ատամիդ տակ է ընկնում արքայախնձոր կամ չամիչ ու վերջ` էլ ոչինչ հարկավոր չէ՝ քեզ երկնքում զգալու համար!!! 

Բաղադրությունը
Խմոր
Ձու - 3 հատ
Շաքարավազ - 1,5 բաժակ
Թան - 1 բաժակ
Արևածաղկի ձեթ - 2/3 բաժակ
Ալյուր - 2 բաժակ
Գազար - 2 բաժակ (մանր քերիչով անցկացրած)
Արքայախնձոր - 220գ (պահածոյացված, 4 կտոր)
Չամիչ - 2/3 բաժակ
Սոդա - 1 թ/գ
Փխրեցուցիչ - 1 թ/գ (կամ սոդա կես թ/գ)
Վանիլին - 1 թ/գ
Դարչին - 2 թ/գ

Կրեմ
Թթվասեր - կես բաժակ
Շաքարավազ - կես բաժակ
Վանիլին - 1 թ/գ
*Եթե թթվասերը լավ որակի չէ՝ ջրիկ է, ապա մեկ օր առաջ այն լցրեք սրբիչի վրա և թողեք, որ ամբողջ գիշեր քամվի: Այդ դեպքում 1 բաժակ թթվասերից կստացվի կես բաժակ քամված թթվասեր:

Պատրաստումը
Խմոր
Ձվերը հարել, ավելացնել շաքարավազն ու վանիլինը:

Այնուհետև թանն ու ձեթը:

Խառնել նաև ալյուրը, սոդան, փխրեցուցիչն ու դարչինը:

Վերջում լցնել գազարը, կտրատած արքայախնձորը և չամիչը:

Ջեռոցի տարան կարագապատել (կամ ձեթ քսել), այլուր ցանել և լցնել խմորը:

Թխել ջեռոցում, 180°C ջերմաստիճանում, 30-40 րոպե:

Կրեմ
Թթվասերը, շաքարավազը և վանիլինը միասին հարել այնքան մինչև թթվասերը ձգվի և պնդանա:

Ստացված կրեմը քսել թխվածքին ու զարդարել չամիչով և գազարով:




No comments:

Post a Comment