Ինձ միշտ թվում էր, թե էկլեր պատրաստելը շատ դժվար բան է ու ոչ բոլորին է տրված այդ շնորհը :) Երբ լսում էի, որ ինչ-որ մեկը թխել է, մտքումս ասում էի. "երնեկ իրան, կարում է թխի էկլեր":  
Մի օր որոշեցի, ամեն դեպքում, ես էլ փորձեմ պատրաստել: Չստացվեց մոտս. բաղադրատոմսը ինտերնետից էի գտել: Ու այդ օրվանից մոտս անհագ ցանկություն առաջացավ՝ էնքան փորձել, մինչև ստացվի! Բոլորից էկլերի բաղադրատոմս էի ուզում, պրպտում, փորձում, համեմատում: Վերջը, ստեղծեցի, իմ համար իդեալական, էկլերի բաղադրատոմս :) Ու հիմա, ամսվա մեջ գոնե երկու անգամ, մեր տանը էկլեր է թխվում ու էդ անուշ հոտը տարածվում տնով մեկ:

Բաղադրությունը
Խմոր
Ձու - 4 հատ
Կարագ - 100գ
Ջուր - 250մլ
Ալյուր - 200գ (1.3 բաժակ)
Աղ - 1/6 թ/գ

Կրեմ
Կաթ - 1 բաժակ
Շաքարավազ - 2/3 բաժակ
Ալյուր - 3 ճ/գ
Վանիլին - 1 թ/գ

Պատրաստումը
Խմոր
Ջուրը, կարագը և աղը դնել ոչ ուժեղ կրակի վրա, սպասել մինչև եռա: 
*Ցանկալի է ջուրը լինի տաք:

Հենց սկսի եռալ՝ ավելացնել ալյուրը և վերցնել կրակի վրայից:

Թողնել խմորը մի քիչ սառի՝ 3 րոպե, և հերթով ավելացնել ձվերը: Գցել մեկը, խառնել այնքան մինչև ստացվի համասեռ խմոր, այնուհետև հաջորդը:

Խմորը, կլորավուն կամ երկարավուն ձևով, լցնել ֆոլգայի վրա և վրան ջուր ցողել:

Թխել ջեռոցում 180°C ջերմաստիճանում, 35-45 րոպե: Ջեռոցից հանելուց անմիջապես հետո էկլերները կողքից ծակել դանակով, որպեսզի տաք գոլորշին միջից դուրս գա:

Կրեմ
Ալյուրը և շաքարավազը միասին խառնել, ավելացնել կաթը և եփել այնքան, մինչև ստացվի թանձր կրեմ (շատ չեփել, քանի որ սառելուց հետո ավելի է պնդանում):

Վերջում ավելացնել վանիլինը:

Սառած կրեմը լցնել էկլերի մեջ և վրան շաքարավազի փոշի ցանել:

*Ըստ ցանկության՝ էկլերները կարելի է զարդարել հալած շոկոլադով, մեղրով, կամ մուրաբայի օշարակով:

3 comments:

  1. Es sirum em qo textery, es sirum em qo eklernery !!!

    ReplyDelete
  2. Shat lav baxadratoms er shat öav stacvec 😃 shnorhakal em ❤️

    ReplyDelete
    Replies
    1. Շատ ուրախ եմ, որ լավ է ստացվել 😍❤️

      Delete